Մեր մասին
Երևանի ֆիզիկայի ինստիտուտը (ԵրՖԻ) հիմնադրվել է 1943 թվականին անվանի ֆիզիկոսներ Աբրահամ և Արտեմ Ալիխանյան եղբայրների կողմից: Ինստիտուտի հիմնադրման ակունքներում ընկած է տիեզերական ճառագայթների ուսումնասիրությունը և այդ նպատակով Արագած լեռան վրա կառուցված տիեզերական ճառագայթների հետազոտման երկու կայանները՝ «Արագած» (3200մ) և «Նոր Ամբերդ» (2000մ)։ 1962 թ.-ին ինստիտուտը անցել է Խորհրդային Միության Ատոմային էներգիայի պետական կոմիտեի ենթակայության տակ: Խորհրդային Միության փլուզումից հետո, 1992 թ․-ին Երևանի ֆիզիկայի ինստիտուտը անցել է Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ենթակայությանը, իսկ 2002 թվականից կրում է հիմնադիր տնօրեն Արտեմ Ալիխանյանի անունը, որպես «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն։ 2010 թվականի հունիսի 17-ին ՀՀ Կառավարության որոշմամբ «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանվել է «Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա»-ի, իսկ 2011 թվականին այն վերակազմավորվել է «Ա. Ի. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ (ԵՐԵՎԱՆԻ ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ)» հիմնադրամի (ԱԱԳԼ)։ ԱվելինԱռաքելություն
Ազգային գիտական լաբորատորիայի առաքելությունն է ֆիզիկայի բնագավառում իրականացնելու առաջադեմ հետազոտություններ, ստեղծելու գիտական համալիր կարողություններ և կիրառելու գիտական ու տեխնոլոգիական լուծումները, որոնք կբավարարեն ազգային կարիքներին, կբարելավեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգային, առողջապահական, տնտեսական բարօրությունը և կդիմագրավեն արդի մարտահրավերներին։ ԱԱԳԼ առաքելության իրականացման հիմքում ընկած են հիմնարար և կիրառական հետազոտությունները՝ տեսական և փորձարարական ֆիզիկայի, մասնիկների և միջուկային ֆիզիկայի, նյութագիտության, տիեզերական ճառագայթների ուսումնասիրության ուղղություններով, արագացուցչային հետազոտությունների իրականացմամբ, արհեստական բանականության և մեքենայական ուսուցման բնագավառներում համակարգչային առաջադեմ մոտեցումների օգտագործմամբ և զարգացմամբ: ԱվելինՏեսլական
ԱԱԳԼ-ի տեսլականն է դառնալ բարձր էներգիայի ֆիզիկայի և աստղաֆիզիկայի, տիեզերական ճառագայթների ֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի և միջուկային բժշկության, նյութագիտության ու հարակից կիրառական ոլորտներում գիտական առաջադեմ հետազոտությունների, քվանտային և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գերազանցության տարածաշրջանային կենտրոն: ԱԱԳԼ ռազմավարական նպատակներից է գիտական հետազոտությունների շրջանակի ընդլայնումը ու ժամանակակից ստանդարտների կիրառումը՝ արդյունավետության բարձրացման, կիրառական արդյունքի ձեռք բերման և նորարարության զարգացման ուղղությամբ, ինչպես նաև գիտական կադրերի պատրաստումը և գիտության մեջ բնականոն սերնդափոխության իրականացումը: Գիտության ոլորտում խիստ կարևոր են երկարաժամկետ ներդրումները։ Այս առումով էական նշանակություն ունի հիմնարար հետազոտությունների դպրոցի պահպանումը և զարգացումը, ինչը Հայաստանում տեխնոլոգիաների ստեղծման և գործնականում դրանց կիրառման հիմնական երաշխիքն է։ ԱվելինՊատմություն

Հիմնադրում
Երևանի ֆիզիկայի ինստիտուտը հիմնադրվել է 1942 թ.-ին անվանի ֆիզիկոսներ Աբրահամ Ալիխանով և Արտեմ Ալիխանյան կողմից՝ որպես Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ինստիտուտ։
1943 թ.-ին ինստիտուտը ստացել է ինքնուրույն գիտական հաստատության կարգավիճակ՝ ընդգրկվելով ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի կազմում։

Բարձրալեռնային տիեզերական կայանների ստեղծում
Արագած լեռան վրա հիմնադրվել են տիեզերական ճառագայթների ուսումնասիրման բարձրալեռնային կայանները՝ Արագած (3200 մ) և Նոր Ամբերդ (2000 մ)։
Դրանք դարձան տիեզերական ճառագայթների ֆիզիկայի հիմնական գիտափորձարարական բազան։

«ԱՐՈՒՍ» արագացուցչի կառուցում
Ավարտվեց 6 ԳէՎ էներգիայով էլեկտրոնային սինքրոտրոնի կառուցումը՝ Հայաստանում մասնիկների առաջին արագացուցիչը՝ «ԱՐՈՒՍ»։
Սա դարձավ ինստիտուտի պատմության կարևորագույն գիտական ուղենիշներից մեկը։
.jpg)
«ԱՐՈՒՍ» արագացուցչում իրականացված գիտափորձեր
Արագացուցիչի վրա իրականացվեցին հիմնարար գիտափորձեր՝ ֆոտոնների հադրոնային հատկությունների, նուկլոնային ռեզոնանսների կառուցվածքի և միջուկային նյութի հատկությունների ուսումնասիրության ուղղություններով։
1970 թվականին Երևանի արագացուցչում հայտնաբերվեց ռենտգենյան անցումային ճառագայթումը, որը մինչ օրս լայնորեն կիրառվում է մասնիկների նույնականացման համար։

Գերբարձր էներգիայի գամմա-աստղաֆիզիկայի նոր մոտեցում
Մշակվեց գերբարձր էներգիայի գամմա-աստղաֆիզիկայի համար պատկերային մթնոլորտային Չերենկովյան դիտակների (IACT) կոնցեպցիան, որը հաջողությամբ կիրառվեց միջազգային HEGRA համակարգում և հետագայում ներդրվեց նաև MAGIC և H.E.S.S. գիտափորձերում։

Վերակազմավորում և գիտական գործունեության շարունակություն
Խորհրդային Միության փլուզումից հետո ինստիտուտը անցավ ՀՀ ենթակայության տակ և շարունակեց գործունեությունը որպես Հայաստանի առաջատար բարձր էներգիաների ֆիզիկայի կենտրոն։

Ազգային լաբորատորիայի կարգավիճակի շնորհում
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատությունը վերանվանվեց «Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա»։

Վերակազմավորում հիմնադրամի կարգավիճակով
Վերակազմավորվեց հիմնադրամի կարգավիճակով՝ «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամ։
Տնօրինություն
Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի Տնօրինությունը իրականացնում է լաբորատորիայի ընթացիկ կառավարումը և ապահովում բնականոն գործունեությունը։ Տնօրինության հիմնական նպատակն է ռազմավարական ծրագրերի արդյունավետ իրականացումը, գիտական և կազմակերպական գործընթացների համակարգումը, ինչպես նաև լաբորատորիայի կայուն զարգացումը։
թվերով
№1
Ֆիզիկայի և միջուկային գիտությունների հետազոտական հաստատություն

8
Բաժանմունքներ
20+
Ազգային և միջազգային համագործակցություններ

1,000+ տարեկան
Վերապատրաստված ուսանողներ և հետազոտողներ






