Իզոտոպների հետազոտության և արտադրության բաժինը ստեղծվել է 2010թ.-ին: Բաժնի գործունեությունը նվիրված է բժշկական նպատակներով օգտագործվող ռադիոակտիվ իզոտոպների ստացման տեխնոլոգիայի մշակմանը և փորձնական արտադրության ստեղծմանը:
Գործունեության առաջին տարիներին ԱԱԳԼ (ԵրՖԻ) գծային էլեկտրոնային արագացուցչի վրա մշակվել են 99mTc և 123I ռադիոիզոտոպների արտադրության տեխնոլոգիաները և իրականացվել է դրանց փորձնական արտադրությունը:
2013 թ.-ին IBA C18 ցիկլատրոնի վրա սկսվել է 99mTc-ի արտադրական ամբողջական շղթայի մշակումը և ստեղծումը՝ օգտագործելով հարստացված 100Mo թիրախ: Աշխատանքները ներառում են թիրախի և լազերային պատրաստման տեխնոլոգիաների մշակումը, հովացման համակարգի և ճառագայթված թիրախի անվտանգ տարհանման համակարգի ստեղծումը, ինչպես նաև 99mTc-ի՝ ճառագայթված թիրախից զտման տեխնոլոգիայի և թանկարժեք 100Mo թիրախի վերականգնման տեխնոլոգիաների մշակումը:
2019թ. ԱԱԳԼ-ին կից գործարկվեց IBA C18 ցիկլատրոնը և նրա փնջատարը՝ դեպի առանձնացված փորձարարական սրահ, որը գիտական, փորձարարական և հետազոտական աշխատանքների նոր ուղղություններ ու հնարավորություններ ստեղծեց: Ցիկլատրոնի վրա Mo թիրախի առաջին ճառագայթման գիտափորձը հաջողությամբ կատարվեց 2019թ. վերջին:
Բաժնում սկսվել են նաև այլ բժշկական իզոտոպների (67Ga, 68Ga, 67Cu և 64Cu) ստացման տեխնոլոգիաների մշակման աշխատանքները, որոնց արդյունքները տեղ են գտնում աշխատակից ուսանողների ասպիրանտական և մագիստրոսական թեզերում:
Իզոտոպների հետազոտության և արտադրության բաժնի աշխատակիցները պարբերաբար մասնակցում են ոլորտի հեղինակավոր գիտաժողովների, վերապատրաստման ծրագրերի և ամառային դպրոցների, իսկ նրանց գիտական հոդվածները հրապարակվում են բարձր վարկանիշ ունեցող միջազգային ամսագրերում։
Հ.Վարդապետյանի անվան փորձարարական ֆիզիկայի բաժանմունք
ԱԱԳԼ-ի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) Փորձարարական Ֆիզիկայի Բաժանմունքի (ՓՖԲ) գործունեությունը սկսվել է 1967 թ.-ին, երբ գործարկվեց 6 ԳէՎ էներգիայով Երևանի էլեկտրոնային սինքրոտրոնը։
Ս.Մատինյանի անվան Տեսական ֆիզիկայի կենտրոն բաժանմունք
Խորհրդային տարիներին Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տեսական ֆիզիկայի բաժինը Հայաստանում տեսական ֆիզիկայի կենտրոնն էր՝ հիմնադիր, երկարամյա ղեկավար, պրոֆեսոր Սերգեյ Մատինյանի գլխավորությամբ։
Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոն բաժանմունք
ԱԱԳԼ կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոնում իրականացվում են հետազոտություններ նվիրված տիեզերագիտության ոչ գծային խնդիրներին, դինամիկական համակարգերի վարքագծի ուսումնասիրությանը և մեքենայական ուսուցման ալգորիթմներով տվյալների մշակմանը:
Քվանտային տեխնոլոգիաների կենտրոն բաժանմունք
ԱԱԳԼ քվանտային տեխնոլոգիաների բաժանմունքը ստեղծվել է 2022 թվականին: Բաժանմունքի աշխատակիցները զբաղվում են քվանտային տեխնոլոգիաների տեսական հաշվարկներով, իսկ հետազոտությունների արդյունքները տպագրվում են առաջատար գիտական պարբերականներում։
Տիեզերական ճառագայթների ֆիզիկայի բաժանմունք
Տիեզերական ճառագայթների հետազոտությունները Հայաստանում սկսվել են դեռևս 1943 թվականին՝ Արտեմ և Աբրահամ Ալիխանյանների նախաձեռնությամբ։ Այդ ժամանակից ի վեր հետազոտությունները շարունակվում են ԱԱԳԼ-ի Նոր Ամբերդ և Արագած բարձր լեռնային գիտական կայաններում։
Հաշվողական ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժանմունք
ԱԱԳԼ Հաշվողական Ֆիզիկայի և Տեղեկատվական Տեխնոլոգիաներ բաժինը իրականացնում է աշխատանքներ երկու հիմնական ուղղություններով․ հաշվողական ֆիզիկա և տվյալների վերլուծություն (գիտական գործունեություն), հաշվողական և ցանցային ռեսուրսների մշակում ու սպասարկում (ծրագրատեխնիկական գործունեություն):
Ֆիզիկայի կիրառական հետազոտությունների բաժանմունք
Կիրառական ֆիզիկայի հետազոտությունների բաժինը հետազոտություններ է իրականացնում նյութագիտության ոլորտում: Բաժնի նպատակային ուղղություններից մեկը ճառագայթման (էլեկտրոնային, պրոտոնային փնջերի) ազդեցության ուսումնասիրությունն է նյութի ֆիզիկական, օպտիկական և կենսաբանական հատկությունների վրա: