Հաշվողական ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաներ բաժնի աշխատանքներն ընթանում են երկու հիմնական ուղղությամբ՝ Հաշվողական ֆիզիկա և Տվյալների Վերլուծություն (գիտական գործունեություն), և ԱԱԳԼ-ի հաշվողական և ցանցային ռեսուրսների մշակում և սպասարկում (ծրագրատեխնիկական գործունեություն:
Բաժնի պատմությունը սկսվում է 1994 թ․-ից, երբ ԱԱԳԼ-ում (ԵրՖԻ)՝ DESY (Համբուրգ) համագործակցությամբ, գործարկվեց առաջին ինտերնետ կապը Հայաստանում։ Այսօր բաժինն ապահովում է ԱԱԳԼ-ի ամբողջ ցանցային ծառայությունների փաթեթը՝ ներառյալ էլ. փոստի համակարգեր, վեբ հոսթինգ, տվյալների անվտանգ փոխանցում (VPN, SSH, SSL), Eduroam հասանելիություն և սերվերային ենթակառուցվածքների սպասարկում։
Գիտական ուղղությամբ ՀՖ և ՏՏ բաժինը իրականացնում է մի շարք կարևոր նախագծեր՝
2018 թ.-ից ԱԱԳԼ-ի Belle II խումբը (Ճապոնիա, KEK) պաշտոնապես ընդգրկված է միջազգային Belle II համագործակցությունում՝ ուսումնասիրելով բարձր էներգիաների ֆիզիկայի առաջատար թեմաներ՝ CP-ի խախտում, հազվադեպ տրոհումներ, մութ ֆոտոնների որոնումներ և այլն։ Բաժնի երիտասարդ հետազոտողները ակտիվորեն մասնակցում են տվյալների վերլուծությանը, դետեկտորային համակարգերի ուսումնասիրմանը և միջազգային գիտաժողովներին։
Հ.Վարդապետյանի անվան փորձարարական ֆիզիկայի բաժանմունք
ԱԱԳԼ-ի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) Փորձարարական Ֆիզիկայի Բաժանմունքի (ՓՖԲ) գործունեությունը սկսվել է 1967 թ.-ին, երբ գործարկվեց 6 ԳէՎ էներգիայով Երևանի էլեկտրոնային սինքրոտրոնը։
Ս.Մատինյանի անվան Տեսական ֆիզիկայի կենտրոն բաժանմունք
Խորհրդային տարիներին Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տեսական ֆիզիկայի բաժինը Հայաստանում տեսական ֆիզիկայի կենտրոնն էր՝ հիմնադիր, երկարամյա ղեկավար, պրոֆեսոր Սերգեյ Մատինյանի գլխավորությամբ։
Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոն բաժանմունք
ԱԱԳԼ կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոնում իրականացվում են հետազոտություններ նվիրված տիեզերագիտության ոչ գծային խնդիրներին, դինամիկական համակարգերի վարքագծի ուսումնասիրությանը և մեքենայական ուսուցման ալգորիթմներով տվյալների մշակմանը:
Քվանտային տեխնոլոգիաների կենտրոն բաժանմունք
ԱԱԳԼ քվանտային տեխնոլոգիաների բաժանմունքը ստեղծվել է 2022 թվականին: Բաժանմունքի աշխատակիցները զբաղվում են քվանտային տեխնոլոգիաների տեսական հաշվարկներով, իսկ հետազոտությունների արդյունքները տպագրվում են առաջատար գիտական պարբերականներում։
Տիեզերական ճառագայթների ֆիզիկայի բաժանմունք
Տիեզերական ճառագայթների հետազոտությունները Հայաստանում սկսվել են դեռևս 1943 թվականին՝ Արտեմ և Աբրահամ Ալիխանյանների նախաձեռնությամբ։ Այդ ժամանակից ի վեր հետազոտությունները շարունակվում են ԱԱԳԼ-ի Նոր Ամբերդ և Արագած բարձր լեռնային գիտական կայաններում։
Ֆիզիկայի կիրառական հետազոտությունների բաժանմունք
Կիրառական ֆիզիկայի հետազոտությունների բաժինը հետազոտություններ է իրականացնում նյութագիտության ոլորտում: Բաժնի նպատակային ուղղություններից մեկը ճառագայթման (էլեկտրոնային, պրոտոնային փնջերի) ազդեցության ուսումնասիրությունն է նյութի ֆիզիկական, օպտիկական և կենսաբանական հատկությունների վրա:
Իզոտոպների հետազոտման և արտադրության բաժանմունք
Իզոտոպների հետազոտման և արտադրության բաժինը հիմնադրվել է 2010 թվականին: Բաժինը զբաղվում է բժշկական նպատակներով ռադիոակտիվ իզոտոպներ արտադրելու տեխնոլոգիաների ստեղծմամբ և մշակմամբ, ինչպես նաև արտադրական գործընթացի կազմակերպմամբ: