Հ.Վարդապետյանի անվան փորձարարական ֆիզիկայի բաժանմունք

ԱԱԳԼ-ի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) Փորձարարական Ֆիզիկայի Բաժանմունքի (ՓՖԲ) գործունեությունը սկսվել է 1967 թ.-ին, երբ գործարկվեց 6 ԳէՎ էներգիայով Երևանի էլեկտրոնային սինքրոտրոնը, ինչի վրա (մինչև 2005թ.-ին սինքրոտրոնի աշխատանքի դադարեցումը) ՓՖԲ-ի աշխատակիցների կողմից իրականացվել են լայնածավալ գիտափորձեր, որոնցում, մասնավորապես, չափվել են պրոտոնների և նեյտրոնների էլեկտրամագնիսական շառավիղները, հետազոտվել են միջուկների վրա պիոնների ֆոտոծնման ռեակցիայում ֆոտոնների հադրոնային հատկությունները, բևեռացված ֆոտոնների և թիրախների օգտագործմամբ նուկլոնային ռեզոնանսների կառուցվածքը, միջուկների ֆոտոֆրագմենտացման; մեխանիզմները, ռենտգենային անցումային ճառագայթման և մոնոբյուրեղներում ռելյատիվիստական էլեկտրոնների կանալային ճառագայթման հատկությունները և այլն:

 

ՓՖԲ-ի ֆիզիկոսներին հաջողվել է ստանալ մի շարք կարևոր արդյունքներ, որոնք թույլ տվեցին խորացնելու պատկերացումները տարրական մասնիկների և ատոմային միջուկների հիմնարար հատկությունների վերաբերյալ: ԱԱԳԼ-ի՝ որպես միջուկային ֆիզիկայի և արագացուցչային կենտրոնի համբավը հնարավորություն տվեց պահպանելու և զարգացնելու միջազգային համագործակցություններն ԱՄՆ-ի, Գերմանիայի, Շվեյցարիայի և այլ երկրների գիտական կենտրոնների հետ և լիարժեքորեն մասնակցելու միջազգային փորձարարական հետազոտությունների ծրագրերի կատարմանը: Չեխիայի հանրապետության Բռնոյի համալսարանի հետ համագործակցելով հետազոտվում են երկրորդային նեյտրոնների փնջերով հարուցված միջուկային ռեակցիաները: Հատուկ ստեղծված ցածր ինտենսիվության (10-20 e-/վրկ), 10-75 ՄէՎ էներգիաներով էլեկտրոնների փնջերն օգտագործվում են մասնիկների դետեկտորների տրամաչափման համար:

 

ԱԱԳԼ գիտնականների կողմից շահագործման հանձնված C18/18 ցիկլոտրոնի արտաքին պրոտոնային փնջերի օգնությամբ նախատեսվում է հետազոտել թեթև միջուկների կլաստերային (այդ թվում՝ 12C միջուկի ալֆա-կլաստերային) կառուցվածքը: Նպատակն է ստեղծել երկրորդային նեյտրոնների փնջեր և չափել դրանցով հարուցված մի շարք ռեակցիաների կտրվածքները: Բաժանմունքի գիտական գործունեությունն նաև ընդգրկում է ցածր էներգիաների միջուկային ֆիզիկայի վերաբերյալ հետազոտություններ, որոնք իրականացվում են վերջին տարիներին կատարելագործված ԼՈՒԷ-75 էլեկտրոնների գծային արագացուցչի օգնությամբ, ինչն ապահովում է մինչև 75 ՄէՎ էներգիայով և մինչև 1 մկԱ հոսանքով էլեկտրոնների կայուն փունջ:  Այդ էներգիաների տիրույթում իրականացվում են ֆոտոմիջուկային ռեակցիաների սիստեմատիկ հետազոտություններ ՓՖԲ-ի և Երևանի պետական համալսարանի ֆիզիկոսների համատեղ ջանքերով: Հիմնարար հետազոտություններից զատ տարվում են աշխատանքներ ճառագայթային ախտորոշման և թերապիայի համար անհրաժեշտ ռադիոիզոտոպների արտադրության ուղություններով: Այս նպատակով հետազոտվելու է ջերմային և ենթաջերմային էներգիաներով նեյտրոնային փնջերի ստեղծման հնարավորությունը՝ բորի (10B) միջուկներում նեյտրոնների կլանման վրա հիմնված ճառագայթային թերապիայում օգտագործելու նպատակով:

 

Բաժանմունքի գործունեության մեջ իրենց ուրույն տեղն ունեն Ավանի աղի հանքի ստորգետնյա լաբորատորիայում իրականացվող հազվադեպ միջուկային պրոցեսների հետազոտությունները, ինչպես նաև ֆիզիկական գիտափորձերի համար նախատեսված դետեկտորների մշակման և ստեղծման աշխատանքները, ներառյալ՝ պլաստիկ և բյուրեղային սցինտիլյատորները, նեյտրոնային դետեկտորները, սիլիցիումի միկրոստրիպային դետեկտորները, ռադիոհաճախային ֆոտոխողովակները, ցածր ճնշման բազմալար համեմատական խցիկները և այլն: Զարգացվում են նաև խիտին/խիտոզանային համակարգերի և դրանց նոր ձևափոխումների ստեղծման մեթոդները:

Համագործակցություն

  • Բարձր էներգիաների փորձարարական ֆիզիկա, համագործակցություն CERN-ի  ATLAS, ALICE, CMS, COMPASS++, AMBER գիտափորձերի շրջանակներում
  • Հադրոնների կառուցվածքի և էլեկտրամագնիսական փոխազդեցությունների հատկությունների հետազոտումը էլեկտրոնների և ֆոտոնների փնջերով, համագործակցություն JLab-ի հետ (Halls A, B, C, D)
  • Հադրոնային ֆիզիկա՝ HERMES և H1 գիտափորձերի տվյալների մշակման հիման վրա, համագործակցություն DESY-ի հետ
  • Գերբարձր էներգիաների գամմա-ճառագայթների աստղաֆիզիկա, համագործակցություն HESS, CTA գիտափորձերի շրջանակներում
  • Միջուկների ճեղքում և ֆրագմենտացում ռեալ ֆոտոնների փնջերով, համագործակցություն ELI-NP, HIγS գիտափորձերի շրջանակներում
  • «Ծովային» քվարկների բաշխումները նկարագրող Սիվերսի ֆունկցիայի չափումը Դրել-Յանի պրոցեսներում, համագործակցություն FermiLab-ի SpinQuest  գիտափորձի շրջանակներում
  • Գլյուոնային բաշխումների հետազոտումը բևեռացված էլեկտրոնների և միջուկների բախումներում, Էլեկտրոն-իոնային կոլայդեր, Բրուկհավենի Ազգային Լաբորատորիա, ԱՄՆ
  • Չբևեռացված, երկայնակի և լայնակի բևեռացված պրոտոնների և դեյտրոնների փնջերի բախումներում լեպտոնային զույգի ծնման ռեակցիաներում ասիմետրիաների չափումներ SPD գիտափորձում, NICA կոլայդեր, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտ, Դուբնա, ՌԴ